ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Հայաստանի ճակատագրական ընտրությունը
16.04.2026 | 09:08

Հանուն Նիկոլ հայադավի և իր իշխանության, Արևմուտքի և «ոսկե միլիարդի» շահերի՞, թե հանուն փրկության

Համահայկական հասարակական դաշինքը Երևանում այսօր քննարկում էր կազմակերպել «Նախընտրական զարգացումներ. խոստումներ և ակնկալիքներ» թեմայով, այսինքն՝ ներկա ժամանակաշրջանի առավել արդիական խնդիրներից մեկի շուրջ: Նախապես նշենք, որ քննարկումը դրա շրջանակներում լինելով հանդերձ, շատ ավելի ընդգրկուն էր և առնչվում էր Հայաստանի անվտանգային խնդիրներին, ներքին և արտաքին քաղաքականության մի շարք կարևոր հարցերի:

Քննարկմանը, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, փորձագետներ, վերլուծաբաններ ու մտավորականության այլ ներկայացուցիչներ, հնչեցին մի շարք ուշագրավ ելույթներ, ներկայացվեցին հետաքրքիր ու կարևոր առաջարկներ ու նկատառումներ:

Ցավոք, այս հոդվածում հնարավորություն չունենալով քննարկումը լայնորեն լուսաբանելու, ընթերցողների ուշադրությանը ներկայացնենք այն, ինչը բարձրաձայնեց քննարկման մասնակիցներից «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Բանախոսը նախ ընդգծեց, որ աշխարհում տեղի ունեցող պատմական փոփոխությունների այս ժամանակաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները վճռորոշ դեր են ունենալու մեր երկրի ինքնիշխանության, ազգային ինքնության պահպանման, անվտանգության ապահովման, տնտեսական զարգազման, Արցախի հարցի և պատմական արդարության վերականգնման հնարավորության համար։

Աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում հակիրճ անդրադառնալով անվտանգությանը, տնտեսությանը, Արցախին վերաբերվող մի քանի թեմաների, որոնք անհանգստացնում են ընդդիմադիր պայքարի մեջ գտնվող մեր հայրենակցիներին, Այվազյանն ասաց.

«Իշխանությունների կողմից հայտարարված դիֆերսիֆիկացիայի անվան տակ ոչնչացվում է Հայաստանի անվտանգային համակարգը։ Տասնամյակներով Ռուսաստանի Դաշնության հետ նույն անվտանգային համակարգում գտնվելը ունեցել է իր նպատակն ու նշանակությունը։ Ռուսաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրերը և ՀԱՊԿ-ը օգնում էին ոչ միայն կոլեկտիվ միջոցներով ապահովել անդամ պետությունների ռազմավարական անվտանգությունը, այլ նաև Ռուսաստանի առաջնորդությամբ միավորում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերը՝ ձևավորելով այնպիսի հավաքական անվտանգային համակարգ, որը թույլ էր տալիս զերծ պահել հետխորհրդային տարածքը հավաքական Արևմուտքի ինտենսիվ ապակայունացնող գործընթացներից։

Հետևաբար, եթե Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի հետ նույն անվտանգային համակարգի մաս, ապա ոչ միայն իր կարևոր ներդրումը չի ունենում հետխորհրդային տարածքում անվտանգության և կայունության ապահովման գործում, ինչից օգտվում է հենց ինքը՝ Հայաստանը, այլ նաև ինքստինքյան դառնում է հետխորհրդային տարածքը ապակայունացնելու ՆԱՏՕ-ի ռազմավարության մաս, ինչի նախապատրաստական աշխատանքներն այսօր գործնականում արդեն տեսնում ենք։ Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցությունը դադարեցված է, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, սկսվել է Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթաց, ինչն ամենևին չի արվում Հայաստանի անվտանգությունից ելնելով։

Եթե Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բանակները բերվում են ՆԱՏՕ-ի ստանդարտների, ապա դժվար չէ հասկանալ այդ գործընթացի հեռահար նպատակները, երբ մի օր այդ բանակներից բաղկացած համատեղ զորախումբը, ՆԱՏՕ-ի զենք-զինամթերքով և հրահանգիչներով, օգտագործվելու է ռուսական բանակի դեմ հարավային ուղությամբ ռազմական գործողություններ վարելու համար։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իրադարձությունների նման զարգացումը իրատեսական չէ, ապա թող հիշի, որ ընդամենը 5 տարի առաջ նույն ձևով էին մտածում նաև ուկրաինացիները»։

«Լույս»-ի ղեկավարի համոզմամբ, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը պետք է դիտարկել ոչ միայն սպառման մեծ շուկաների, էժան գազի, էներգետիկ անկախության և տնտեսական արտոնությունների հնարավորության, այլ նաև ապագայում Հայաստանի ֆինանսավարկային և տնտեսական ինքնիշխանության վերականգնման տեսանկյունից։ Այս կապակցությամբ, ինչպես փաստարկեց Այվազյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է.

«Ժամանակակից ֆինանսական և վարկային հարաբերություններն աշխարհում կառուցված են այնպես, որ դրանք սպասարկում են բացառապես, այսպես կոչված, «ոսկե միլիարդի» շահերը: Եվ դրա շուրջ, անկասկած, պետք է մտածել: «Ոսկե միլիարդի» երկրների ղեկավարները շահագործում են գրեթե աշխարհի բոլոր մյուս երկրները, չարաշահում են իրենց դիրքը՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ տեղեկատվական, թե՛ ֆինանսական ոլորտներում: Սա ինչ-որ կոնտրիբուցիա է։ Այսպես չպետք է լինի։ Այդ պատճառով մենք բոլորս միասին՝ միավորելով ջանքերը, պետք է փոխենք կանոնները նաև այս միջազգային ոլորտում»։

Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ, ինչպես նշեց բանախոսը, առաջ է տարվում ԵԱՏՄ տարածքում ազգային արժույթներով միջպետական վճարումներ կատարելու գործընթացը։

«Եվ, ընդանրապես, նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում պետությունների ազգային արժույթները ուղղված են լինելու ազգային տնտեսությունների, այլ ոչ թե Արևմուտքի վերահսկողության տակ գնտվող միջազգային ֆինանսական կառույցների և արևմտյան երկրների տնտեսությունների սպասարկմանը,- ասաց բանախոսը:- Պետության ազգային արժույթը պետք է լինի ազգային տնտեսության ածանցյալը, այլ ոչ թե ԱՄՆ-ի դոլարի կամ Եվրոյի, որոնք Հայաստան մտնելուց հետո Կենտրոնական բանկի կողմից ենթարկվում են, այսպես կոչված, ստերիլիզացիայի, այսինքն՝ գնվում են ու հայտնվում են միջազգային արժութային պահուստներում, որոնց օգտագործման իրավունքը՝ երկրում տնտեսական աճ ապահովելու նպատակով, Հայաստանը չունի։

Ավելին. այդ միջազգային արժութային պահուստները Հայաստանի Հանրապետությանը փաստացի չեն էլ պատկանում։ Ռուսաստանի մի քանի հարյուր միլիարդ դոլարի արժութային պահուստների սառեցումը՝ ձեզ օրինակ»։

Այվազյանի հավաստմամբ, տեսանելի են նաև բազմաբևեռ աշխարհում ֆինանսավարկային համակարգի բարեփոխման այլ արդյունքները։ Օրինակ՝ կառավարության կողմից ազգային արժույթի թողարկման (էմիսիայի) գործընթացի վերահսկումը, երբ կառավարությունն ինքն է որոշելու, թե որքան դրամ է անհրաժեշտ թողարկել՝ տնտեսական աճ ապահովող նախագծերի մեջ ներդնելու համար, պետության տնտեսական աճը խթանող պարտավորությունների սահմանումը Կենտրոնական բանկի համար և վերաֆինանսավորման ցածր՝ 0-ին մոտ տոկոսը։

«Այս և այլ հնարավորություններից Հայաստանն այսօր զրկված է, քանի որ ՀՀ Կենտրոնական բանկը գործում է պետությունից անկախ, չի ենթարկվում ՀՀ կառավարությանը, այլ կատարում է Արևմուտքի կողմից վերահսկվող համաշխարհային ֆինանսական կառույցների հանձնարարականները,- շարունակելով իր խոսքը, ասաց «Լույս»-ի ղեկավարը:- Այսինքն՝ սպասարկում է Ռուսաստանի նախագահի կողմից հիշատակված «ոսկե միլիարդի» շահերը։

Քանի որ միջազգային ֆինանսավարկային համակարգի փոփոխության շոգեքարշը Ռուսաստանն է, ապա ԵԱՏՄ անդամ մնալը ունի ռազմավարական նշանակություն և որոշելու է Հայաստանի ֆինանսավարկային, տնտեսական ինքնիշխանության և զարգացման հետագա ընթացքը»։

Կարծում ենք, դժվար չէ հասկանալ, որ եթե թույլ տանք Նիկոլ հայադավի իշխանությանն ընտրակեղծիքներով և այլ ընտրախախտումներով վերընտրվել, ապա դրա հետևանքներից մեկը լինելու է նրանց կողմից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների սպառման մեծ շուկաներից, մեր երկիր ներկրվող էժան գազից, տնտեսական այլ արտոնությունների հնարավորությունից զրկվելը, Հայաստանի ֆինանսավարկային, տնտեսական ինքնիշխանության ու զարգացման հեռանկարի վրա իսպառ խաչ քաշելը:

Հայկ Այվազյանն իր ելույթում անդրադարձավ նաև Արցախից տեղահանված հայերի վերադարձի իրավունքին, Արցախում հայ ժողովրդի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը, Բաքվում պատանդ պահվող մեր հայրենակիցների ազատ արձակմանը և այլ խնդիրների։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ